Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ՄԻ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

          Շատ անգամ պատմության մութ կետերը մեզ պարզաբանում և լիացնում են ավանդություններն ու արձանագրությունները: Բայց տարաբախտաբար մեր ժողովուրդը դեռևս միայն ինքն ասում ու ինքն է լսում իրեն «պապական խոսքը»՝ ավանդությունը: Գյուղացու պատմախոսի՝ ավանդապահ ծերուկի ձայնը դուրս չեկավ իրեն օդայի չորս մրոտ պատերից: Ճշմարիտ է, թեև եղան անձեր, որ փորձեր արին այդ գործով զբաղվելու, բայց նրանք էլ դեռևս մի որոշ քայլ չարին և դեռ շատ հեռու են իրենց նպատակին հասնելուց, հետևաբար, դեռ մեր գրականության մեջ համարյա բոլորովին անմշակ և նույնիսկ պարապ է նրա տեղը: Մեր պարբերական թերթերը, մանավանդ «Նոր֊Դար»-ը, հորդոր են կարդում և հաճախակի հիշեցնում այդ թերին լրացնելու մեծ անհրաժեշտությունը, հավաքելով ժողովրդի հոգու և մտավոր ստեղծագործության արդյունքները: Անկասկած, սա ուրախալի երևույթ է և, ինչպես երևում է, այդ ձայնը սկսում է արձագանք տալ: Անշուշտ, սա պետք է համարել ուրախալի երե վույթ. ցանկանում ենք սրտագին, որ «ասողին ճշմարիտ լսող լինի»: ժողովուրդը շատ նյութ ունի տալու ամեն մեկին:

          Դեռ շատ պատմական տեղեր մեր հայրենիքում մնացել են անհայտ ոչ միայն գիտնական աշխարհին, այլև մեր գրագետներին: Այդ դասին է պատկանում և Լոոին՝ շնորհիվ յուր անմատչելի, ամուր դիրքի, որ մինչև այսօր պահել է ժողովրդի դյուցազնական ոգին և ստեպ –ստեպ ավազակներ, «իգիթներ», «աժդահաներ» է հարուցել և հարուցանում, իսկ վերջիններս «շլապկավորի» հետ չունին, և նրանց դուր գալու համար պետք է իրենց տարազով երևալ նրանց ձորերում: Շատ անգամ հարցասերին չեն պատասխանում և թե պատասխանում են՝ ծուռ ու սխալ, որովհետև վախենում են մի «խաթաբալա» չի դուրս գա մեջիցը:

          Դսեղ գյուղը գտնվում է Լոռում, Ձորագետ (Բերգուջ կամ Դեբեդ) գետի աջ ափի վերա, այնտեղ՝ ուր նրա երկու մեծ ճյուղերը միանում են: Նա կղզիացած է Լոոու անդնդախոր ձորերի մեջ գտնվող մի փոքրիկ հարթավայրի վերա, երեք կողմից ձորերով, ժայռերով և չորրորդ կողմից՝ հարավից մի փոքրիկ լեռնաշղթայով պատած:

          Դսեղ բառը կարծելի է, որ «դուրս տեղ» բառերից լինի կրճատված յուր զատված դիրքին հարմար: Բնակիչները զուտ հայեր են՝ հարյուր տնից ավելի: Դսեղը հայտնի է յուր «իգիթներով», բնակիչների կյանքի սահմանը իրենց երկրագործական մաճն է, հովվական մահակը և որսորդական հրացանը: Խոսելով փոքրիշատե Դսեղի մասին, իմ նպատակս է պատմել մի ավանդություն, որ իբրև տեղացի լսել եմ ծերերից:

          Ավանդությունը սուրբ ու անշփոթ պահելու համար անհրաժեշտ են երկրի ամուր դիրք և ժողովրդին խաղաղ կյանք, բազմահալած մի ժողովուրդ չէ կարող սուրբ ու անշփոթ պահել յուր «պապական խոսքը»՝ ավանդությունը:

          Դսեղի դիրքը իսկապես շատ ամուր է, սակայն բազմաթիվ ավերակները ապացույց են, որ աշխարհավեր փոթորիկներ են անցել այս տեղով և ինչ ասել կուզե, որ միայն շինությունները չեն ենթարկվել նրանց կործանիչ ազդեցության: Այդ ամուր անկյունում ևս անպակաս է եղել խռովություն, սուր և հալածանք: Նրա բնակիչները ցրվել են զանազան կողմեր և այժմ ամբողջ գյուղեր են կազմում: Եղել է ժամանակ, որ գյուղն ամայի անմարդաբնակ է մնացել և բնակիչները գաղթել են ժամանակավորապես, օրինակ՝ Վրաստան: Դսեղ գյուղի հին նշանները ցույց են տալիս, որ նա եղել է երբեմն մեծ և հարուստ: Գյուղից շատ ու քիչ հեռավորության վերա գյուղացիները շինության համար քար հանելու ժամանակ գետնի տակից գտնում են տան պատեր, զանազան տեսակ ամանի կտորներ և այլ իրեր: Գյուղացիներից մեկը, օրինակ, տան տեղ փորելու ժամանակ գտավ գետնի տակ երկու մեծ սենյակի տեղ՝ սալած բավական մեծ-մեծ կարմիր ներկած՝ աղյուսներով, մի կողմը կար մի փոքրիկ տաշտաձև ավազան քարյա՝ իսկ մեջտեղը մի աղյուս չորս մաս բաժանած գծերով և ամեն մասում մի կնիք և մի տառ (ոչ հայերեն), որոնց նշանակությունը դեռ չէ բացատրված: Դժբախտաբար, չկարողացա ընդօրինակել այդ, որովհետև վերան ցորենի շտեմարան էր շինած: Գյուղացիները այդ տան տեղին «Թագավորի աղջկա, բաղնիս» են անվանում: Գյուղի շրջակայքում կան շատ հանգստարաններ, որոնցից մի քանիսն արդեն անհետացել են, և տեղերը երկրագործի խոփն է վարում:

          Գյուղի մեջ գտնվում են երկու հանգստարաններ՝ հին և նոր: Հինը, որ բավականին մեծ է, լիքն է խաչարձաններով: Այդ խաչարձաններից նշանավոր են երկուսը՝ բարձրությամբ մոտ երկու սաժեն*: Նրանցից մեկը խաչարձանն է՝ կանգնած երեք մեծ քարերից կազմած պատվանդանի վերա, նրա գլուխն ևս, որպես առհասարակ խաչարձաններինը, խոնարհեցրած է, գուցե անձրևից պահպանելու համար, և կոչվում է «ծածկան» (ջոկ քար է) : Նրա քանդակները շատ նուրբ են:

          Խաչարձանի ճակատին (ծածկանի վերա) քանդակած է, Փրկիչը՝ նստած դիրքով, աջ ձեռքով բարձրացրած, իսկ ձախ ձեռքին բռնած մագաղաթ՝ վերան գրած «Ես եմ լոյս աշխարհի» շուրջը այլ պատկերներ և ներքև կա խաչած Հիսուսը. խաչի գլխին գրած է «Սա է թագաւոր հրէից», աջ կողմից մի աջ և մի աղավնի, շուրջը «Աջ Տեառն և հոգի Աստուծոյ». ապա խաչյալ Հիսուսի բևեռած մի ձեռքից մինչև մյուսը խաչի վերա «Զեռք որ զերկինս արարին տարածեցան ի խաչիս». խաչի մի կողմը կանգնած են «Հովհաննես» և «Նիկոդիմոս», մյուս կողմն «Աստվածածին» և «Հովսեփ», ձեռքին «կտավ». խաչի ներքև գլուխն է «Ադամ»-ի:

          Պատվանդանի վերա կա հետևյալ արձանագրությունը, որ իսկապես մեր ուշադրության ամենից ավելի արժանի մասն է:

Ի թվ. Չէ.

          Ողորմութեամբն Աստուծոյ ես Տէրունս որդի Խալըլին իմ աղբէրացովս կանգնեցի զԽէչս յանուն Գրիգորոյ որ զուր և դառըն մահուամբ ի Քրիստոս փոխեցաւ որ է պարծանաց և զմարդոյ եղբայր մեր որք երկրպագէք յաղաւթս յիշեցէք», պատվանդանի ձախ երեսին՝ «Վահրամ յիշեցէք»:

          Նույն հանգստարանում հիշյալ արձանից դեպի արևմտահյուսիս գտնվում է մի այլ արձան՝ չորսանկյունի և չորս երեսն ևս քանդակած: Այդ քանդակների նշանակությունը զանազան կերպով են բացատրում գյուղացիները:

          Նրա պատվանդանի վերա կա հետևյալ բավական անմիտ արձանագրությունը. «Ես Վահրամ զաւտար շինաբ քաննկ թողի վկայ ապնայն Գագկայ Խորիշահ ով խափանէ յժը հայրապետաց նզովեսցի Տէր Աստուած ողորմի մխիթարչին»:

          Գյուղացիները մեր հիշած երկու հուշարձանները համարում են քույր և եղբոր խաչարձաններ: Առաջինին եղբայր — Լուսավորիչ, երկրորդին քույր — Աստվածածին անվանելով: Այժմ մենք կաշխատենք գտնել, արդյոք այդ ավանդությունը հիմք ստանո՞ւմ է մեր պատմագրերից ևս:

          Առաջինի արձանագրությունից իմացանք, որ զուր ու դառն մահվամբ ի Քրիստոս փոխված մի անձնավորություն է Գրիգոր անունով, իսկ երկրորդից չիմացանք, թե Գագիկի՞նն է թե Խորիշահինը: Եթե ենթադրենք, ժողովրդի ավանդությունը ճշմարիտ է, և քույր ու եղբայր են դրանք, ուրեմն այս մահարձանն էլ քրոջ համարելով՝ կարող է Խորիշահինը լինել և ոչ Գագիկինը» որովհետև Խորիշահ կնոջ անուն է և ոչ Գագիկ: Սակայն ո՞վքեր են դրանք:

          Մեր կարծիքով, առաջինը պետք է լինի Գրիգոր Մամիկոնյան Մարզպանը՝ որ ապրում էր ԺԲ դարում և Խորիշահը՝ նրա քույրը: Գսեղ գյուղին մոտերքը գտնվող սուրբ Գրիգոր կոչված մի վանքի արձանագրության մեջ հիշված է «ԹՎ. ՈՂ. Գրիգոր որդի Մարծպանայ...” — «ԹՎ. Ոկզ-Ես Կոստանդ որդի Գրիգոր թոռն Համազասպայ...”: Իսկ մեր պատմիչներից էլ Կիրակոս պատմագիրը, որ ժամանակակից էր Գրիգոր Մամիկոնյանին և Սանահին էր ուսանում վանական վարդապետի մոտ, որ նույնպես մոտ է Դսեղին, Նետողաց ազգի1 սովորությունները պատմելուց հետո գրում է. «Զայս ամենայն պատմեաց մեզ Գրիգոր Մամիկոնեան...”: Մի ուրիշ տեղ ևս. «Յետ Համազասպայ եղև Մարզպան Հայոց Գրիգոր Մամիկոնեան ամս տասն զոր սպանեն խազերք...”: Նույն դարու պատմաբաններից շատերն են հիշում այդ Գրիգորին:

          Իսկ երկրորդը— Աստվածածինը, պետք է լինի սրա քույրը— Խորիշահը որպես հիշած է սուրբ Գրիգորի արձանագրության մեջ «Ամքլեա դայեակ Խորիշահի դստեր Մարզպանայ...”. իսկ մենք գիտենք, որ վերոհիշյալ Գրիգորն ևս Մարզպանի որդին էր: Կիրակոս պատմագիրը գրում է... «զոր Քուրդ անուանէին հայ ազգաւ կրօնիւք քրիստոնեայ և որդիք իւր Վաչե և Հասան և կին նորա Խորիշահ յազգէ Մամիկոնէից դուստր Մարզպանայ քոյր Ասլան-Պէկին և Գրիգորոյ...”:

          Մենք կարծում ենք, որ հուշարձանների և ս. Գրիգորի անունով վանքի արձանագիրները և Կիրակոս պատմիչի խոսքերը բավական հաստատություններ են, որ այդ գերեզմանները Մամիկոնյան Գրիգորինն և նրա քույր Խորիշահինն են: Սակայն լսենք, թե ժողովուրդը ինչ ձևով է պատմում այդ ավանդությունը: Մամիկոնյանները ԺԱ և ԺԲ դարերում գոյություն ունեին Դսեղ գյուղում և այնտեղ իրենց համար կալվածներ ունեին, որպես հիշված է արձանագրությունների մեջ, որոնցից հայտնի են Ասլանբէկ և Գրիգոր՝ որդիք Մարծպանայ. Համլիկ՝ որդի Սմբատայ, Մարծպան՝ որդի Սարգսի, Սարգիս՝ որդի Սմբատայ, որդւոյ Համազասպայ-Մարծպանայ, Կոստանդ՝ որդի Գրիգորի թոռն Համազասպայ, Համազասպ Մամիկոնեան. Վասակ՝ որդի Սմբատայ:

          Բայց ահա և ավանդությունը:

          Մի ժամանակ, երբ Հայոց թագավորությունը արդեն վերջացել էր, ամեն մարդ ինքն յուր գլխի տեր և թագավոր էր համարում: Ահա այս Լուսավորիչն էլ այն ժամանակ յուր համար զորք ու տերություն «սարքած» ժողովուրդը խաղաղ կառավարում էր ու «թշնամու աչքը հանում»: «Անօրենները», որպես իրենց սովորությունն էր, հավաքվել էին իրանց երկրիցը, «չու քաշել», ուրիշ աշխարհներ էին քանդում ավարառության ու սպանության համար:

          Այս Լուսավորիչը (Գրիգորը), որ մի խելոք, արթուն ու քաջ մարդ է եղել, պահապաններ է կարգել սահմաններումն ու Դդի** Գլխին մարդիկ է դրել, որ եթե մի անսովոր շարժում տեսնեն՝ զանգահարեն, իմաց անեն իշխանին: «Անօրենները» եկան մոտեցան մեր երկրի սահմանին և իմացան Լուսավորիչ իշխանի զորության, քաջության մասին: Նրանց գլխավորը, որ մի խորամանկ և խելոք մարդ է եղել, կանգնեցրել է յուր զորքին ա ասել, «քաջությունը երկու տեսակ է, նրանցից մեկը բազկի է, որի զորությամբ հասել ենք մինչև այստեղ, իսկ մյուսը՝ խելքի, որ գերազանց է բազկի քաջությունից, շատ բաներ պատմում են այս երկրի իշխանի ու ժողովրդի քաջության մասին, և դուք տեսնում եք, թե որքան անմատչելի է երկիրը: Ասում են, որ այդ իշխանը պահակներ, դիտողներ ունի կարգած, և մենք մինչև առաջ դրանց չձեռք բերենք՝ չենք կարող մոտենալ իշխանական շենին»: Այսպես խոսեց և յուր զորքերից կորովիները մի խումբ կանացի շորով՝ ներքուստ զինվոր, ճանապարհ ընկան իրենց տիրոջ հրամանը կատարելու: Մնացած զորքը նույն տեղում պետք է սպասեր մինչև գիշերվա հասնելը: Ուղարկված զինվորները հասան և կանացի շորով իբրև ուխտավոր ամեն բան վերջացրին իրենց տիրոջ հրամանի համեմատ՝ — «պահակներին ու դիտողներին սպանեցին»: Յուր ապարանքում քնած միջոցին բարբարոսները հարձակվում են վայրենաբար շենի վերա: Գրիգոր իշխանը աղմուկ լսելով, վեր թռավ, առավ յուր սուրը և վազեց թշնամու առաջ, բայց արդեն ուշ էր զորքը կարգի բերել, սարսահար ժողովրդի մի մասը փախան ձորերը, մի մասը կռվեց և մեռավ այնտեղ, սպանվեցավ և Գրիգոր իշխանը: Նրա քույրը (Խորիշահ) լսելով այս, սուր առավ և վազեց եղբորն օգնություն, կռվեց և նա ևս սպանվեցավ այնտեղ և քույր ու եղբայր թաղվեցան, ուր որ ընկան: Անօրենները ավերեցին, քանդեցին շենը, որը կրակեցին, որը ավար առան ժողովրդի ստացվածքից: Ժողովուրդը արձան կանգնեց յուր քաջ նահատակների վերա և հարգեց ու որդոց-որդի ավանդեց նրանց արարքն ու վախճանը մեզ:

          Ինչպես ընթերցողը տեսնում է, այս ավանդությունը ամենևին չէ հակառակում Կիրակոս պատմագրի պատմածին՝ Գրիգոր Մամիկոնյանի մահվան մասին:

          Այս բոլորը ի նկատի առնելով, մեզ համար անկասկածելի է, որ հիշյալ խաչարձանները պատմական հիշատակներ են Գրիգոր Մամիկոնյանի և նրա Խորիշահ քրոջ վերա:

* 1սաժեն = 2.134 m

** Դիդ------երևի դետ, դիտել բառիցն է հորինված: Այդպես կոչվում է Դսեղ գյուղի մոտ գտնվող մի փոքրիկ բլուր: