Վահան Տերյան

ԿԱՆՉ

Կանչում ես անվերջ

Կապույտ հեռվից,

Շշուկով անուշ

Կանչում ես ինձ։

Թփերն ես շարժում,

Շրշում անուշ

Շշուկով պայծառ

Ու փաղաքուշ...

Անհայտ է ուղին

Քաղցր երկրիդ,

Ուր բախտ է անանց

Անանց ժպիտ։

Ուր ծաղիկ ու երգ

Ուրիշ են, այլ,

Ու անմահական

Փառք է ու փայլ։

Այս իրիկնային

Կապույտ երկրում

Դու ես միշտ շրջում

Ու մեղմ երգում։

Ու կանչում ես միշտ

Անհայտ հեռվից,

Շշուկով անուշ

Կանչում ես ինձ։

1908