Վահան Տերյան

* * *

Սև գիշե՜ր, և հուշե՜ր, և խոհե՜ր անհամար,

Մոռացված երազներ՝ շուշաններ թառամած,

Խնդություն հեռացած և՛ անցած, և՛ անդարձ,—

Տրտմություն մենավո՜ր, միաձա՜յն, միալա՜ր...

Մշուշներն են սահում... Սոսավում է ուռին...

Իմ օրեր անհատնում, անխնդում և անտուն.

Ցնորքնե՛ր լուսավառ, ընդունայն, ապարդյուն,

Մոռացված է հավետ արևոտ ձեր ուղին...

Սև խոհեր անսպա՜ռ, անհամա՜ր, անհամա՜ր,

Սև գիշե՜ր, և հուշե՜ր, և հուշե՜ր ընդունայն,

Երազնե՜ր իմ անդարձ — ծաղիկնե՜ր իմ գարնան.

Ի՞նչ կանչով ձեզ կանչեմ, ինչպես լամ ձեզ համար։