Վահան Տերյան

ՀՈԳՆԱԾՈԻԹՅՈԻՆ

Ես մի ճամփորդ եմ մթնում մոլորված,

Ու հոգնած սիրտըս դարձել է խոնարհ.

Չեմ ուզում կանչել ցնորքըս մեռած,

Երազել գալիք ջրերի համար։

Ես չար հոսանքով մղված եմ հեռուն,

Եվ անվերադարձ փակված է ուղին.

Մի որբ մանուկ է հոգիս մոլորուն,

Մատնված մութին և մառախուղին։

Մի անմայր մանուկ, հեկեկանքներից

Հոգնած ու բեկված — ննջել է ուզում.

Մի՛ վրդովեք դուք, մի՛ տանջեք նորից,

Մի՛ տանջեք նորից — հանգչել է ուզում...