Վահան Տերյան

ԿՈՒՅՐ ԼԻՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Ես գիտեմ հիմա.— ամենքի նըման

Մի սովորական աղջիկ էիր դու.

Ես էի պճնել փայլով դյութական

Գորշ պատկերը քո կյանքի և հոգու։

Ես էի լցրել տխրությամբ սիրուն

Քո փոքրիկ սրտի դատարկը անգույն,

Լուսավառել իմ ըղձերի հեռուն

Չնչին օրերիդ մանրահոգ կյանքում։

Ու գիտեմ հիմա.— մի սովորական

Աղջիկ էիր դու, նըման ամենքին.—

Ա՜խ, երանի չէր բյուր և բյուր անգամ,

Որ կույր ու անգետ լինեի կրկին։