Վահան Տերյան

ՄԱՀ

Մարիր լույսը մշուշոտ,

Սև հուսերըդ արձակիր,

Դու իմ դահիճ, դու իմ քույր,

Դու իմ ընկեր տարագիր,

Էլ մի՛ կրկնիր, մոռացիր

Խոսքերն անմիտ ու պատիր,—

Լուռ տանջանքով, խավարով

Փայփայիր ու փարատիր...

Փարվի՛ր, փարվի՛ր ինձ ամուր,

Մեղսոտ սիրով սիրիր ինձ,—

Մեխիր սուրըդ կուրծքըս բաց,

Թող թույն լինի և թախիծ։

Արդեն գիշեր, արդեն մութ,

Անանց խավար է արդեն,—

Եղիր հզոր ու անգութ,

Չար ժպիտով ել իմ դեմ...

Երգի՛ր խավար և անկում,

Ինձ տանջի՛ր և ամոքի՛ր,—

Այրի՛ր սիրտըս, թող լինի

Այնտեղ ավեր ու մոխիր։

Ցուրտ համբույրով համբուրիր,

Այրիր բոցով նրա ցուրտ —

Վերջին սիրով անպատիր,

Անվախճան ու անհագուր՛դ...

Իմ ցավագին աղոթքին

Ունկնդրի՛ր ու երևա՛,

Քո հաղթության ու սիրո

Կնիքը դիր իմ վրա...