Վահան Տերյան

* * *

Մարել ես արդեն, մեռել ես հավետ,

Հեռավոր կյանքի երազների բոց,—

Խավարն է գրկել հոգիս ալեկոծ,

Եվ դեպի լույսը չըկա արահետ...

Անդարձ օրերի ցնորական երգ,

Դու վաղ ես լռել իմ ցաված հոգում.—

Ես ինձ եմ թաղում և չեմ հեկեկում. —

Տանջանքի գիշե՜ր — և չըկա եզերք։

Իջել են մթին խոհերը վրաս,

Սառն է հիմա իմ գիշերը անափ,—

Էլ չկա ոչ մի լուսեղեն տագնապ,

Եվ ոչ մի երազ, և ոչ մի երազ...