Վահան Տերյան

ՄԵԴՈՒԶԱ

Անհուսության մեջ, խավար օրերում եկավ նա ինձ մոտ.

Նա ինձ մոտեցավ քնքուշ, փայփայող սիրո խոսքերով,—

Շարժումների մեջ և մութ աչքերում կար մի անծանոթ

Վայելքի խոստում՝ անանց հիացման գաղտնիքով գերող։

Ես հավատացի այն ժպիտներին և այն մեղսական

Փայփայանքները բախտ համարեցի իմ մենության մեջ.—

Շուրջըս գիշեր էր, մռայլ էր շուրջըս իմ հոգու նըման —

Եվ նա էր շողում երազի նըման խավարում անվերջ...

Խենթ հիացումով արբեցի նրա տանջող գգվանքում,

Եվ գիրկը նրա թվաց ինձ եդեմ, մեղքը — սրբազան...

Օ՜, դառը գիշեր, տանջանք ու թախիծ.— իր արնոտ գրկում

Փայփայում էր ինձ և հևհևում էր երկդեմ Մեդուզան։