Վահան Տերյան

ԱՇՆԱՆ ԱՌԱՎՈՏԻ ԵՐԳԸ

Այնպես անլույս է այսօր

Առավոտըս լուսացել,—

Սիրտըս հիվանդ ու անզոր

Անլուսությամբ է լցրել...

Մութ է հոգիս հոգնաբեկ,

Թախիծով լի և անհույս.—

Հըրաշքով դու այսօր եկ,

Ժպտա, որպես արշալույս։

Հողմ ու անձրև շարունակ

Իմ լուսամուտն են ծեծում,—

Մի՛ թողնիր ինձ միայնակ

Անսահման այս կսկիծում...