Վահան Տերյան

ԱՆԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Շրջում եմ դարձյալ պուրակում այն հին

Աշնան թախծալի երգով օրորված,

Հողմը փռում է տերևներ դեղին,

Որպես հուշերըս — երա՜զ ու մեռա՜ծ։

Մենակ եմ հիմա, և դու, ո՞վ գիտե,

Ո՞ր կողմերում ես — ժպիտով անուշ —

Նետում ծիծաղիդ կարկաչն արծաթե,

Վառում հայացքիդ դյութանքը քնքուշ...

Եվ գիտեմ, պիտի նորից հայտնվես,

Հիշես խոսքերը վաղուց մոռացված,—

Հըրաշքին պիտի հավատամ և ես

Ու կրծքիդ դնեմ գլուխըս հոգնած...

Բայց երբե՛ք, երբե՛ք էլ չի վառվելու

Ցնորքըս մեռած,— պատկերըդ հեռու...