Վահան Տերյան

ԻՄ ԵՐԳԵՐԻՆ

Մարդոց երկրում անտարբեր,

Ցուրտ աշխարհում, արդյոք ո՞վ

Կընդունե ձեզ գգվանքով,

Իմ երազնե՛ր, իմ երգե՛ր...

Այս օրերում ապական,

Կյանքի անարգ խնջույքում —

Ո՞վ կըգգվե կուսական

Ձեր թախիծը իր հոգում։

Ո՞վ վշտաբեկ ու տրտում

Կարձագանքե ձեր խոսքին,—

Ձեր նվագը ցավագին

Ո՞վ կըպահե իր սրտում...

Ո՞ւմ համար եք դուք հնչում,

Մեղեդիներ սգավոր,—

Արդյոք ո՞վ կա հեռավոր,

Որ ձեր ցավով է տանջվում....