Վահան Տերյան

* * *

Դանդաղ սահում են օրերը դժկամ,—

Անձրև՜ ու քամի՜,— տրտո՜ւնջ ու թախի՜ծ.

Լույսերըս ոսկի ընկան ու հանգան —

Ցաված է սիրտըս,— փայփայեցե՛ք ինձ…

Լռել է հեռվում երգը ցնծության,—

Եվ գուցե չըկար իմ ծնված ժամից,

Գուցե ես ինքս եմ հնարել նրան,

Որ սուտ հուշերով մխիթարեմ ինձ...

Տխուր ամպերը կամար են կապել. —

Անձրև՜ ու քամի՜,— տրտո՜ւնջ ու թախի՜ծ,

Դուք կարող եք գեթ սուտ սիրով խաբել,—

Հիվանդ է սիրտըս.— փայփայեցե՛ք ինձ...