Վահան Տերյան

* * *

Տարիներն արագ, ամպերի նման, անցնում են անհետ,–

Մոխիր է հիմա իմ հոգում անուշ երազների տեղ.

Բոլոր հուշերը, բոլոր խոսքերը մարել են այնտեղ,

Եվ այն, ինչ քաղցր էր, մաքուր էր, երազ,– ննջել է հավետ։

Երկար տարիներ իրարից բաժան, հեռու կողմերում,

Դու ինձ մոռացած, ես քեզ հիշելով, կյանք էինք մաշում

Դու ցնո՜րք, երա՜զ, անհաս թագուհի,– ես երկրի փոշում,

Ես մեռա՜ծ, կորա՜ծ, մոլորվա՜ծ հավետ հեռավոր-հեռվում...