Վահան Տերյան

* * *

Դու խոսում ես, բայց կարծես,

Դու չես, գիշերն է երգում.

Այնպես նուրբ ես և այնպես

Մեղմ ես, մեղմ ես ինձ գրկում...

Լուսեղեն է խոսքերիդ

Իմաստը պարզ ու խորունկ,

Որպես մեղմ ու անառիթ

Գարնան անուշ մտորմունք...

Եվ անդորր է ձայնը քո,

Հաշտ է թախծոտ իր շեշտով,

Որպես անուշ երեկո՝

Լիքը սիրով ու վշտով։

Դու չե՛ս, դու չե՛ս, հեռավոր

Վարդենիներն են շրշում,

Ծովն է երգում լայն ու խոր

Ոսկեպայծառ մշուշում....

Իմաստուն է և արդար

Օրերի երգն անընդհատ,—

Դառը տանջանք ու դադար,

Եվ սեր, և վիշտ, և հեքիաթ...

Գիշե՜ր, գիշե՜ր, լռությո՜ւն,

Անուշ թախծի լուսե երգ.

Փռվի՛ր, փռվի՛ր իմ հոգում,

Խաղաղությո՜ւն անեզերք...