Վահան Տերյան

ԳԱՐՆԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ

Լցվում է փողոցն աղմուկ ու շարժում,

Դալուկ դեմքերին ծաղկում է ժպիտ,

Փայլում են տներն արևի փոշում,

Երկինք են պարզվում ծառերը վտիտ...

Դեռ չըչորացած բուլվարի վրա

Ճչում են զվարթ մանուկն՚երն արդեն.

Բոլոր խոսքերը խորհուրդ են հիմա

Եվ հայացքները նետ են իրար դեմ...

Մայթի քարերը հարազատ են քեզ —

Քեզ նոր է թվում երգը հնամյա.

Ազատ է հոգիդ, անչար է և հեզ,

Եվ տխրությունըդ անուշ է հիմա...

Ժպտուն աղջիկներ՝ ծաղիկների պես,

Տիկիններ շքեղ և ծիծաղելի —

Բոլորը հիմա սիրելի են քեզ,

Ամեն ինչ անուշ խորհրդով է լի...

Մեռած սրտերն էլ, ծաղիկների պես,

Բացվում են հիմա արևի փոշում.

Մի քաղցր հուզում արբեցնում է քեզ,

Ու, հոգսով մղված՝ հոգսըդ չես հիշում...

Օրհնությո՜ւն քեզ, ե՛րգ, և երա՛զ, և սե՛ր,

Օրհնությո՜ւն քեզ, կյա՛նք անուշ և անհուն,

Օրհնությո՜ւն և քե՛զ, տանջանքի գիշեր,

Եվ երկունք, և մահ — փա՛ռք և օրհնությո՛ւն...

1912