Վահան Տերյան

* * *

Իրիկնաժամի կիսախավարում,

Կապույտ լույսերի ցոլքերում ճոճուն,

Հայտնվում է նա, մեղմագին փարվում,

Գունատվում է լուռ ու էլ չի շնչում։

Ծանոթ է ինձ այն ժպիտը անհույզ,

Եվ այն պատկերի գծերը նրբին,

Եվ այն հայացքը մեղմ ու ոսկելույս,

Եվ երգը անխոս և իրիկնային։

Նստում ենք անվերջ մենք մեկ-մեկու մոտ

Եվ չեմ հավատում, որ նա է, որ նա...

Այնքան թովիչ է, այնքան անաղոտ,

Ցնորք է կարծես, պիտի հեռանա...