Վահան Տերյան

ՁՄՌԱՆ ԳԻՇԵՐ

Տխրությունս անուշ է, որպես

Հեռավոր, հեռավոր կարկաչյուն.

Այնպես մեղմ է իմ սերն ու այնպես

Անուշ է նա իմ սիրտը տանջում։

Չեմ ուզում ոչ անցյալը հիշել,

Ոչ գալիք օրերին նետել հույս,

Հանգիստ է իմ շուրջը և գիշեր,

Ու սիրտըս չի տենչում արշալույս։

Անդորրել է աշխարհը բոլոր,

Դուրսը ձյուն է գալիս, փողոցում

Գիշերը, և՛ հանգիստ է, և՛ խոր,

Ու սիրտըս առավոտ չի ուզում։

Մաքուր է իմ հոգին ու հիմա

Օրհնում եմ վիճակըս երկրային,

Ընդունում եմ սիրով կյանք ու մահ

Ու սիրտըս պարզում եմ աշխարհին...

Անչար է իմ հոգին ու հանգիստ,

Գիշերը անդորր է, դուրսը ձյո՜ւն.

Ննջեցեք հավիտյան, վերք ու վիշտ,

Ծավալվի՛ ր, լուսեղեն մենություն...