Վահան Տերյան

* * *

Ես նստում եմ մենակ, մեն-մենակ,

Եվ անվերջ երազում, ու կրկին

Այս կյանքի աշխարհում դժգունակ

Իր զարդերն է փռում իմ հոգին։

Ես գիտեմ լուսեղեն մի երկիր,

Ես գիտեմ դյութական մի հովիտ,

Ուր հոգին թափում է վշտակիր

Իր թևերն ու հագնում է ժպիտ։

Ես գիտեմ մի թովիչ առասպել,

Ուր ողջ կյանքը հրաշք է դառնում.

— Քո անուշ անունով միշտ արբել

Եվ երգով, որ բնավ չի մեռնում...