Վահան Տերյան

ԴԱՇՏԵՐՈՒՄ

Հեռածավալ դաշտերում,

Մոռացված ու մենավոր,

Մոռացել եմ ես հեռվում

Աղմուկները հեռավոր։

Lուռ նստում եմ առվի մոտ,

Անուշ հեքիաթ եմ լսում,

Երեկո և առավոտ

Խաղաղ սրտով երազում։

Գիշերն իր ծովն է փռում,

Արշալույսն՝ իր ծիրանին,

Եվ իմ հոգում և հեռվում

Քո ցնորքն է անմարմին։

Քո հեքիաթն եմ պարզել ես

Այս աշխարհի հեքիաթում

Եվ աղոթել անվերջ քեզ,

Երկրպագել իմ սրտում։

Թափառում եմ և երգում,

Աշխարհը՝ մեծ, սիրտըս՝ լայն,

Քո ցնորքն է ինձ գրկում,—

Ոսկեղեն ու դյութական։