Վահան Տերյան

ԱՌԱՎՈՏ

Այսօր դու քաղցր ես նայում, առավո'տ,

Եվ դյութական է համբույրը քո զով,

Եվ լայն է բացված հեռուն արևոտ,

Ու գինով եմ ես մի նոր երազով...

Ելնել ճանապարհ, խնդուն հեռանալ,

Զվարթ և թեթև թափառել ազատ,

Եվ ո՛չ հայրենիք, ո՛չ տուն ունենալ,

Ո՛չ անուն, ո՛չ զենք, ո՛չ փառք, ո՛չ արծաթ...

Սիրել ու կրկին սիրել խնդագին,

Փայփայել քնքուշ, լինել հարազատ,

Հեռանա~լ, դառնա~լ կրկին ու կրկին,

Անհուն աշխարհում բացսիրտ և ազատ։

Ողջունել սիրով անց ու դարձողին,

Օրհներգել կյանքը, աշխարհին ժպտալ,

Հարազատ լինել ջրին ու հողին

Եվ անհուն սիրով սիրել ու գթալ...

Մութ հավերժության դառնությունն զգալ,––

Եվ թախծել անհուն և անչար լինել,—

Մեռնող մանկան մոտ դառը հեկեկալ,

Բաց շիրմի առաջ ողջ կյանքը օրհնել...

Մեռնել անտրտունջ հնազանդության

Մեղմագին երգով, ժպիտով քնքուշ. —

Զգալ, որ ողջը հեքիաթ է միայն,

Ցնորք է անվերջ, երազ է անուշ...